Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը

30.03.2018, 21:58
Գործակալությունը պահանջել է նաև ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը:
Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, հայտնում է ՀՀ ԱՆ-ի մամուլի ծառայությունը:

2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը:

«Գրությամբ գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Գործակալությունը պահանջել է նաև ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը», - հայտնում են նախարարությունից:-0-