«Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին». վարչապետը խոսեց տաքսիստների մասին

08.06.2017, 12:05
ՀՀ վարչապետն անդրադարձել է տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։

«Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին». վարչապետը խոսեց տաքսիստների մասին
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձավ տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։

«Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ ցույց տվող»,- Կարեն Կարապետյանն այսպես նկարագրեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների վիճակը։

Նրա խոսքով, մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին։

Նա հանձնարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը մեկշաբաթյա ժամկետում «Զվարթնոց» օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ խնդիրները լուծելու համար:

Վարչապետը նաև դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նշելով, որ հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել։

«Պարոն Գասպարյան, Ձեզնից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: 20-30 հազար դրամով տանում են Մալաթիա-Սեբաստիայով պտտում, բերում Երևանյան լիճ՝ որպես Սևանա լիճ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին նշեց, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է, այդ ոլորտում կատարվում է աշխատանք։

«Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը առաջացնում է լուրջ անհանգստություն: Մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ցուցակները, բայց նրանք կրկին լիցենզիաներ են ստանում», – նշեց Գասպարյանը։

Վարչապետը առաջարկեց երթուղային գիծ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի քաղաք։

«Շաթլի եղածն ի՞նչ է, մի «գիծ դրեք», կողմնորոշիչ գներ դրեք, սակագներ հաստատեք», – ընդգծեց վարչապետը։–0–