Երևանում պատանդառված աղջիկը կոտրվածք ունի. ԱՆ

29.08.2017, 21:41
ՀՀ ԱՆ–ն մանրամասներ է ներկայացնում այսօր Երևանում պատանդառված աղջկա առողջական վիճակի մասին։
Երևանում պատանդառված աղջիկը կոտրվածք ունի. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում այսօր Երևանում պատանդառված աղջկա առողջական վիճակի մասին։

«Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել», – Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Загружается новость ... "Лево"

Նրա տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք:

«Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում», – հաղորդում է Հայթայանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջկա էր պատանդ վերցրել ու սպառնում էր սպանել նրան։ Հանցագործը վիրավորվել էր դիպուկահարի կողմից, վնասազերծվել և տեղափոխվել հիվանդանոցում, որտեղ ավելի ուշ մահացել էր։ –0–