Երևանում կացնահարված հոր և դստեր վիճակը կայուն է

11.07.2016, 18:49
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Երևանում կացնահարված հոր և դստեր վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 8-ին նախկին ամուսնու կողմից կացնահարված 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը՝ 62-ամյա Վաչագան Մանսուրյանը այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։

Նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն, հաղորդում է yerkir.am–ը` մեջբերելով Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանի խոսքերը։

Երևանում նախկին զոքանչին կացնահարած տղամարդը մասնակցել է հեռուստատեսային շոուի (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8–ի առավոտյան։ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում նախկին փեսայի կողմից կացնահարված կնոջ սպանության մասին>>

Դեպքի առթիվ 2016թ. հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։–0–