Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

26.04.2017, 13:58
19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։
Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանին հաստատել է Տարոն Մարգարյանի առաջարկը, համաձայն որի Երևանի հ. 147 հիմնական դպրոցը կանվանակոչվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:

Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար, նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

2016 թ.–ի ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-