Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց սպանության գործով

23.08.2016, 13:25
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանքի բոլոր կետերով մեղավոր ճանաչեց 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին:
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց սպանության գործով
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի նիստի ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանքի բոլոր կետերով մեղավոր ճանաչեց 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին:

2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեղադրանքով Պերմյակովը դատապարտվեց զմահ ազատազրկման («Երկու կամ ավելի անձանց սպանություն` կատարված առանձնակի դաժանությամբ և զուգորդված ավազակային հարձակմամբ»):

«Ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ» հոդվածներով Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ «պետական սահմանի հատման փորձ» հոդվածով` երկու տարվա ազատազրկման:

Հաշվի առնելով ավելի մեծ ժամկետի կողմից ավելի փոքրի կլանումը, դատարանը Պերմյակովին դատապարտել է ցմահ բանտարկության:

Դատարանը որոշում է կայացրել վերադարձնել իրեղեն ապացույցները, մասնավորապես, զենքը և զինամթերքը ռուսական ռազմակայան, Ավետիսյանների ընտանիքից գողացված հեռախոսները և գումարը` նրանց իրավահաջորդներին, իսկ Պերմյակովից առգրավված ժամացույցը և գումարը` դատապարտյալին:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։

2015 թ.-ի օգոստոսին կայացած դասալքության գործով դատական գործընթացի ժամանակ Պերմյակովը խոստովանեց իր մեղքը և հայտնեց, որ զղջում է, սակայն հրաժարվեց դատավարության ժամանակ ցուցմունք տալ: Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:

Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի հոկտեմբերի 16–ին Պերմյակովին նոր մեղադրանքներ է առաջադրել։ Քննության տվյալներով, սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, անօրինական տուն ներխուժելու և գույքի հափշտակության հետ, ինչից հետո կատարվել է սահմանն ապօրինի հատելու փորձ։ Պերմյակովին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրվել «ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ», «պետական սահմանի հատման փորձ» հոդվածներով։ Նա ընդունել է իրեն առաջադրած բոլոր մեղադրանքները։ -0-