Սևանա լճում կորած ձկնորսների որոնողական աշխատանքները դեռ ապարդյուն են. գտնվել է նրանցից մեկի բաճկոնը

04.11.2016, 20:14
Սևանա լճում արդեն հինգ օր է փրկարարները փնտրում են երկու ձկնորսների, ովքեր Նորատուս գյուղից են։
Սևանա լճում կորած ձկնորսների որոնողական աշխատանքները դեռ ապարդյուն են. գտնվել է նրանցից մեկի բաճկոնը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լճում արդեն հինգ օր է փրկարարները փնտրում են երկու ձկնորսների, ովքեր Նորատուս գյուղից են։

Հոկտեմբերի 31–ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացիներ նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։

Նոյեմբերի 4-ին, ժամը 10.15-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են, ժամը 18.20-ին մթության պատճառով դադարեցվել են, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Tert.am-ը, հղում անելով Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանին, հայտնում է, որ լճի խորքում, դեպի Վարդենիս տանող ուղղության վրա, հայտնաբերվել է ձկնորսներից մեկի բաճկոնը:

Նախօրեին հայտնաբերվել էր նորատուսցի կորած ձկնորսների՝ 24 և 25-ամյա Աբրահամ Կյուրեղյանի և Արևշատ Առաքելյանի նավակի բենզինի բաքը:–0–