Քոչարյանն իրավունք չուներ հրամանագրով սահմանել արտակարգ դրության ռեժիմ. ՀՔԾ պետ

06.08.2018, 14:03
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ հրամանագրի միջոցով սահմանել արտակարգ դրության ռեժիմ։
Քոչարյանն իրավունք չուներ հրամանագրով սահմանել արտակարգ դրության ռեժիմ. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ հրամանագրի միջոցով սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ 

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին այդ հրամանագրով նախատեսվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, որովհետև այդ ռեժիմի իրականացման արդյունքում անխուսափելիորեն խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները, իսկ հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպես Եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ մեր Սահմանադրությամբ կարող են սահմանափակվել միայն օրենքով», – ասել է Խաչատրյանը` նշելով, որ սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով, իսկ այդ ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք գոյություն չի ունեցել, այդ օրենքը մտել է ուժի մեջ ավելի ուշ։ 

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, Քոչարյանն իրավունք ուներ գործել «համապատասխան միջոցառումների շրջանակում», որոնք նախատեսված են Սահմանադրության անցումային դրույթների նորմով, «սակայն նա այդ միջոցառումները նաև իրավունք ուներ անելու մինչև այն սահմանը, որտեղ սկսվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»։ 

«Այսինքն՝ այդպիսի մանիպուլյացիա անել և ասել, որ միջոցառումն իր մեջ ներառում է ամեն ինչ, դա անթույլատրելի է։ Հակառակ դեպքում չէր լինի նաև նման օրենք ընդունելու կարիք։ Եվ, ի վերջո, մենք միացել ենք Մարդու իրավունքների ու ազատությունների եվրոպական կոնվենցիային։ Մենք չէինք կարող նման խախտում թույլ տալ։ Բայց թույլ է տրվել», – նշել է Խաչատրյանը։ 

ՀՔԾ պետը նաև ընդգծել է, որ 0038 հույժ գաղտնի հրամանում կան ձևակերպումներ քաղաքական գործընթացների վերաբերյալ, ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ բանակը փորձ է արվում ներգրավել քաղաքական գործընթացներում, ինչը Սահմանադրությամբ արգելվում է։ 

«Այս ձևակերպումները հիմք են տալիս պնդելու, որ բանակը քաղաքացիական վերահսկողությունից տվյալ դեպքում դուրս է եկել և մտել է քաղաքական դաշտ որոշակի խնդիրներ լուծելու համար, ինչն ինքնին արդեն կարող է դիտվել սահմանադրական կարգի տապալում», – ընդգծել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը ներգրավվելու՞ է գործին որպես վկա` Խաչատրյանը նշել է, որ այս գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործով ձեռք բերված տվյալներից, և քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ անկախ անձերից, պաշտոններից, իր այդ գործառույթը իրականացնելու։

«Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, չեմ ցանկանում, որպեսզի ավելի մանրամասն տեղեկատվություն տամ այդ հանգամանքների վերաբերյալ, թե ով է կանչվել կամ ով է կանչվելու, ինչ կարգավիճակով։ Դուք ականատես եղաք, որ ամբողջ աշխատանքը որոշակի ժամանակ հետո հրապարակվում է, ոչ մի գաղտնի բան չի մնալու և ի վերջո լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կատարվել է», – նշել է ՀՔԾ պետը։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:  Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։-0-