Փաշինյանը պատմեց ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ պայմանավորվածությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի` կառավարության նիստից առաջ, հայտնեց նախօրեին ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շատ արագ կիրականացվի Հայաստանում արտադրվող պաշտպանական արտադրանքի ցուցակագրումը: Կկազմենք Զինված ուժերի կարիքների հնգամյա մոտավոր պլանը», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ համագործակցության հետագա ռազմավարության շրջանակում անհրաժեշտ է մշակել կառավարության և պաշտպանական արդյունաբերության համագործակցության ճանապարհային քարտեզը:
«Կառավարությունն իր առջև խնդիր կդնի` գնումներ կատարել տեղական արտադրողներից` պայմանով, որ նրանք կոնկրետ գործողություններ կցուցադրեն արդյունավետությունը բարձրացնելու և արտադրության ինքնաարժեքը նվազեցման համար», - ասաց Փաշինյանը:-0-