Պերմյակովը չպետք է ծառայեր Հայաստանում, քանի որ չէր համապատասխանում ներկայացված չափանիշներին. փաստաբան

29.01.2016, 19:01
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չպետք է ծառայեր Հայաստանում, քանի որ չէր համապատասխանում ներկայացված չափանիշներին:
Պերմյակովը չպետք է ծառայեր Հայաստանում, քանի որ չէր համապատասխանում ներկայացված չափանիշներին. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը չպետք է ծառայեր Հայաստանում, քանի որ չէր համապատասխանում ներկայացված չափանիշներին, կարծում է տուժածների իրավահաջորդների փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։

Փաստաբանի խոսքով` այդ չափանիշներն են հոգեբանական կայունության բարձր մակարդակը, հարազատների շրջանում դատվածության բացակայությունը, անթերի ծառայությունը։

«Միաժամանակ մենք տեսնում ենք, որ Պերմյակովն ութ անգամ ինքնակամ լքել է ծառայության վայրը, գտնվել է հոգեբանների հսկողության տակ, որոնք անգամ երեք ամսով արգելել են նրան զենք կրել։  Պերմյակովի հարազատների թվում եղել են դատվածություն ունեցող անձինք։ Այսինքն, նա չէր համապատասխանում որևէ չափորոշչի», – ասաց Վարոսյանը Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ուրբաթ տեղի ունեցած դատական նիստից հետո։

Նրա խոսքով, հաշվի առնելով այդ հանգամանքը` տեղի ունեցածի համար պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն Պերմյակովը, այլ նաև ռուս պաշտոնատար անձինք։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 5–ին։

Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-