Փաշինյանը կոչ է արել բացել Երևանի փողոցները. քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվում են

26.04.2018, 13:12
Քաղաքի տարբեր հատվածներում արգելափակվում են փողոցներ, ինչի հետևանքով Փաշինյանը մնացել է ստեղծված խցանումներից մեկում:
Փաշինյանը կոչ է արել բացել Երևանի փողոցները. քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել երևանյան փողոցների արգելափակումը:

Այսօր առավոտից Հայաստանի մայրաքաղաքում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Քաղաքի տարբեր հատվածներում արգելափակվում են փողոցներ, ինչի հետևանքով Փաշինյանը մնացել է ստեղծված խցանումներից մեկում: Ընդ որում, նախօրեին հանրահավաքի ժամանակ նա ինքն է հորդորել շարունակել արգելափակել փողոցներն ու անցկացնել գործադուլ ու դասադուլ:

«Նախօրեին տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Երևանի փողոցներում շատ են առանց համարանիշների մեքենաները: Կոչ եմ անում ժամանակավորապես դադարեցնել փողոցների արգելափակումը, որպեսզի մենք կարողանանք վերականգնել կարգ ու կանոնը: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի գործընթացը դառնա անվերահսկելի», - ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–