Օդերևութաբանները ներկայացրել են հոկտեմբերին Հայաստանում սպասվող եղանակը

02.10.2016, 10:20
Հայհիդրոմետը ներկայացրել է Հայաստանում հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:
Օդերևութաբանները ներկայացրել են հոկտեմբերին Հայաստանում սպասվող եղանակը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետը ներկայացրել է Հայաստանում հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:

Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը կազմելու է 7.90C և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում՝ 5.90C:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է լինելու Մեղրիում՝ 150C, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում՝ 130C, Տավուշում՝ 120C: Ցածր ջերմաստիճան դիտարկվում է լեռնային շրջաններում՝ 70 C (Աշոցքում՝ 40C ):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այս ցուցանիշը հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48 մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:

Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը: -0-