Նալբանդյանը Մոսկվայում մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ վարել ՌԴ իշխանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Մոսկվայում և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ վարել ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են դիվանագիտական շրջանակների իրազեկ աղբյուրները։
«Արտգործնախարարի պաշտոնակատարը ժամանել է Մոսկվա նախօրեին երեկոյան։ Այսօր նախատեսված են մի շարք հանդիպումներ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով, բանակցությունների կենտրոնում կլինեն Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հետ կապված հարցերն ու ռուս–հայկական դաշնակցային հարաբերությունները։
Բացի այդ, ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Մոսկվա է ուղևորվել հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։ Նա կունենա մի շարք աշխատանքային բանակցություններ։–0–