«Մուսալեռ» ռեստորանում սպանության գործով հետախուզվողներից մեկն ինքնակամ ներկայացել է

12.01.2016, 21:04
«Մուսալեռ» ռեստորանում սպանության գործով հետախուզվողներից մեկն ինքնակամ ներկայացել է, նրան մեղադրանք է առաջադրվել:
«Մուսալեռ» ռեստորանում սպանության գործով հետախուզվողներից մեկն ինքնակամ ներկայացել է

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով  հետախուզման մեջ գտնվող Ա.Պառավյանը ինքնակամ ներկայացել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Քննչական կոմիտեն։  

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Պառավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 2016 թվականի հունվարի 6-ին նշված համալիրում որպես զենք օգտագորվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։

Մեկ մարդ է մահացել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով>>

Վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել էր հունվարի 9-ին և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հայտարարվել հետախուզում։

Հետախուզման մեջ գտնվող Ա.Պառավյանն իրավապահ մարմիններին է ներկայացել հունվարի 11-ին և կալանավորվել։ Մեղադրյալը հարցաքննվել է, և նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
    
«Ա.Պառավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու  միջնորդությունը քննարկման առարկա կդառնա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայումս հետախուզման մեջ է գտնվում 2 անձ Ա.Բաբայանը, ով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) , 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողներին հայտնաբերելու,  միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:–0