Մանե Թանդիլյանը հանդիպել է Գյումրու մանկատան մոտ գտնված երկվորյակների մորը. նա ուզում է վերադարձնել փոքրիկներին (ՖՈՏՈ)

24.10.2018, 14:15
Մանե Թանդիլյանը հանդիպել է Գյումրում մանկատան մոտ գտնված երկվորյակների մորը, նա ուզում է վերադարձնել փոքրիկներին:
Մանե Թանդիլյանը հանդիպել է Գյումրու մանկատան մոտ գտնված երկվորյակների մորը. նա ուզում է վերադարձնել փոքրիկներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։ 

Այս մասին նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook–յան էջում։

Նորածին տղա երկվորյակները հոկտեմբերի 17–ին հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ Ֆ. Նանսենի անվան թիվ 2 տուն–ինտերնատի բակում` Գյումրիում։ Նորածինները տեղափոխվել են հատուկ խնամք պահանջող երեխաների մանկատուն։ ՀՀ ոստիկանությունը, ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 19–ին պարզեց նորածին երկվորյակների մոր ինքնությունը, ով նոտարի միջոցով պաշտոնապես հրաժարվեց փոքրիկներից։

Загружается новость ... "Лево"

Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։

«Հայտնում ենք, որ ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։ Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ` մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենք մայրիկի ճակատագրով, կարող են սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին»,– նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։–0–