Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գործընկերներին մամուլի հետ շփվելիս պահպանել էթիկայի տարրական կանոնները

22.02.2016, 14:56
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի կոչ է արել գործընկերներին մամուլի հետ շփվելիս պահպանել էթիկայի տարրական կանոնները։
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գործընկերներին մամուլի հետ շփվելիս պահպանել էթիկայի տարրական կանոնները
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի կոչ է արել գործընկերներին մամուլի հետ շփվելիս պահպանել էթիկայի տարրական կանոնները։

Ինչպես խորհրդարանի նիստի ժամանակ նշեց Փաշինյանը, օրերս պատգամավոր Մհեր Սեդրակյանը ցենզուրայից դուրս արտահայտություններ է թույլ տվել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ, վիրավորել լրագրողներին։

«Ես, որպես Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախկին ղեկավար և նախկին լրագրող, ցանկանում եմ իմ մտահոգությունը հայտնել այդ փաստի կապակցությամբ և ընդգծել, որ ի դեմս լրագրողների` մենք հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կապող օղակ են մեր և բնակչության միջև», – ասաց Փաշինյանը։

Նա կոչ արեց պահպանել քաղաքավարության կանոնները լրագրողների հետ շփվելիս և վերջ դնել նման արատավոր պրակտիկային, որը վարկաբեկում է խորհրդարանն ու հակասում է պատգամավորական էթիկային։

Այս հարցում Փաշինյանի հետ համակարծիք է նաև փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով հայտարարեց, որ ոչ միայն միանում է Փաշինյանի կոչին, այլ նաև դատապարտում է նման երևույթները։

«Միանում ենք Ձեր հայտարարությանը, դատապարտում ենք նման վարքագիծն ու կոչ անում, որպեսզի պատգամավորները, լրագրողները և բոլորն, ովքեր մասնակցում են քաղաքական գործընթացներին, միմյանց հետ շփվելիս պահպանեն էթիկայի կանոնները», – ասաց Նաղդալյանը։ –0–