Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով

29.06.2016, 17:20
Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող «Վերին Լարսի»  հսկիչ անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով:
Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող «Վերին Լարսի» հսկիչ անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունից, հունիսի 29-ի դրությամբ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար:

 - рис.1
Լուսանկար`AR TRANS

«Վրաններում, ինչպես հայտնում են Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ները, մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել Հայաստանի 156 քաղաքացու:

Ընդ որում, ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ–ի և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:

Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում:

 - рис.2
Լուսանկար`AR TRANS

Հունիսի 28-ի տվյալներով, ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով: Ուղևորների մեջ կան նաև հղի կանայք, ովքեր չունեն միջոցներ` այլընտրանքային ճանապարհով (նավով կամ օդանավով) Հայաստան ուղևորվելու համար: Ընդհանուր առմամբ, անցակետում գտնվում է Հայաստանի 230 քաղաքացի:

Այս պահին, անցակետում տարվում են քարահավաքման և ճանապարհամաքրման աշխատանքներ: Դեպքի վայրում աշխատում են էքսկավատորների միանգամից մի քանի բրիգադներ: -0-