ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:
Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Կարապետյանը, կարևորելով առաջարկվող ծրագրի իրականացումը, նշել է, որ Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի, և այս առումով անհրաժեշտ են հենց այսպիսի՝ բիզնես տրամաբանությամբ մշակված ծրագրեր:
«Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսին ևս ներգրավել այդ գործընթացում, որպեսզի և եկամուտ ստանա, և կարողանա քաղաքը գրավիչ դարձնել», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մանրամասներ ներկայացնելով ծրագրի մշակման վերաբերյալ, նշել է, որ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել, և առաջիկայում լինելու է ծրագրի շնորհանդես՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով:
Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև Գյումրիում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած գործարարների մասնակցությամբ հանդիպում, ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: -0-