ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխությունները կապված չեն նախորդ վարչապետի հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Իմ առջև կանգնած չէ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիրը։ Եթե մենք կադրեր ենք փոխում, ապա դա անում ենք որոշ հարցեր լուծելու համար», – ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ նոր կադրերի կուսակցական պատկանելիությունը որևէ դեր չի խաղում։ Դրանց ընտրության հիմնական չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է։
Միաժամանակ նա չբացառեց բարձրաստիճան պաշտոններում ընդդիմության ներկայացուցիչների նշանակման հնարավորությունը, «եթե նրանց շրջանում լինեն լավ պրոֆեսիոնալներ»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին առաջին նշանակումներն է կատարել ՀՀ կառավարության կազմում։ Ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, Տրանսպորտի և կապի նախարար` Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար` Իգնատի Առաքելյանը, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը։
ՀՀ նախագահի հրամանով` Վաչե Գաբրիելյանը պահպանել է փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնները, իսկ Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում