ԿԳՆ–ն հորդորում է զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից

18.04.2018, 12:27
Փաշինյանն ապրիլի 13–ից շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։
ԿԳՆ–ն հորդորում է զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։–0–