Հրազդանում, Թալինում, Սպիտակում և Բյուրեղավանում հաղթել են գործող քաղաքապետերը. նախնական արդյունքներ

18.04.2016, 11:42
Ապրիլի 17-ին Հրազդանի, Թալինի, Սպիտակի և Բյուրեղավանի քաղաքապետերի  ընտրություններում հաղթել են գործող քաղաքապետերը, վկայում են նախնական արդյունքների տվյալները։
Հրազդանում, Թալինում, Սպիտակում և Բյուրեղավանում հաղթել են գործող քաղաքապետերը. նախնական արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 17-ին Հրազդանի, Թալինի, Սպիտակի և Բյուրեղավանի քաղաքապետերի ընտրություններում հաղթել են գործող քաղաքապետերը, վկայում են նախնական արդյունքների տվյալները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ Հրազդանի գործող քաղաքապետ,  ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 12 510, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 1996-1999թ.թ-ին Հրազդանի քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի օգտին՝ 10 267, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ փորձագետ Արթուր Միսակյանի օգտին՝ 1 237 ընտրող, հաղորդում է pastinfo–ն։

Բոլոր 3-ն էլ առաջադրվել են համապատասխան կուսակցությունների կողմից: Հրազդանի 44 338 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 24 861-ը: 813 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 

Թալինի քաղաքապետի պաշտոնի համար ևս պայքարում էին 3 թեկնածուներ:

Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանի օգտին քվեարկել է 1 993, ՀՅԴ անդամ Տիգրան Հարությունյանի օգտին՝ 1 036, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանի օգտին 168 ընտրող: Բոլոր 3-ն էլ առաջադրված են համապատասխան կուսակցությունների կողմից: Թալինի 5 296 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 305-ը: 70 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 

Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն ստացել է 4 463 քվե, իսկ նրա մրցակիցը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը՝ 2 933: Երկուսն էլ ինքնաառաջադրված են և ՀՀԿ անդամներ: Սպիտակի 13 278 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 7 661-ը: 260 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Բյուրեղավանի գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանն ստացել է 2 502 քվե, իսկ նրա մրցակիցը՝ ոչ մի տեղ չաշխատող Էդիկ Պողոսյանը՝ 601: Երկուսն էլ ինքնաառաջադրված անկուսակցականներ են: Բյուրեղավանի 7 973 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 258-ը: 155 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:–0–