Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի, /Նովոստի-Արմենիա/. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ՝ օգոստոսի 18-ին, բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը՝ ռուսական դատարանի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած դատավճիռը ճանաչելու վերաբերյալ։
ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճռի ճանաչման միջնորդությունը: Ըստ այդմ՝ Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում։
Հարությունյանը դատական նիստի ընթացքում նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
2014 թ-ի օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը Հարությունյանին մեղավոր էր ճանաչեկ կեղծ փաստաթղթերի կիրառման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ, որը երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ էր դարձել։ Դատարանը Հարությունյանին դատապարտել էր վեց տարվա և ինն ամսվա ազատազրկման։ 2017 հուլիսի 20-ին Հարությունյանը հանձնվել էր հայկական կողմին, որպեսզի պատճի մնացած մասը կրի Հայաստանում։
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման։ Նա վերջերս է տեղափոխվել Հայաստան։ –0–