Հովիկ Աբրահամյանի որդին կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից` հանուն պատգամավորի մանդատի

04.04.2017, 11:12
Արգամ Աբրահամյանը, հնարավոր է, որ հրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կվերցնի պատգամավորի մանդատը:
Հովիկ Աբրահամյանի որդին կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից` հանուն պատգամավորի մանդատի
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, հնարավոր է, որ կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կվերցնի պատգամավորի մանդատը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով, Արարատի մարզում ստացել է մոտ 34,5 հազար ձայն: Նա, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կվերցնի պատգամավորի մանդատը», - հայտնում է պարբերականը:

Արգամ Աբրահամյանը Արտաշատում քաղաքապետ է դարձել 2015 թվականի հուլիսին և նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 2 տարի:

«Մինչդեռ մանդատ վերցնելով՝ Արգամ Աբրահամյանը կարող է առաջիկա հինգ տարիներին պատգամավոր լինել: Հատկապես, որ 2019 թվականին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նա դժվար թե նորից Արտաշատում քաղաքապետ դառնա», - գրում է պարբերականը` ավելացնելով, որ ո՛չ «Ծառուկյան» դաշինքից, ո՛չ Արգամ Աբրահամյանից չի հաջողվել մեկնաբանություն ստանալ։ -0-