ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ քննարկել է շրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։
Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։ Նալբանդյանը և Բարզանիին անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի: -0-