Հայաստանը կավարտի երկրաբանական ֆոնդի թվայնացումը տարեվերջին

11.04.2017, 13:23
Մինչև տարեվերջ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները առցանց հասանելի կլինեն hանրությանը:
Հայաստանը կավարտի երկրաբանական ֆոնդի թվայնացումը տարեվերջին
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև տարեվերջ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները առցանց հասանելի կլինեն hանրությանը, մասնավորապես, բոլոր հնարավոր ներդրողներին, հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, դա հնարավորություն կտա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առցանց հասանելի դարձնել hանրությանը, որի նպատակներից մեկն էլ ներդրումների ներգրավման գործընթացին աջակցելն է:

Քերոբյանը հայտնել է, որ արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկատվության շուրջ 65 տոկոսը։ «Դրանց 60 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված gro-fund.am ինտերնետային կայքում և հասնելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մյուս մասի տեղադրումը ընթացքում է», - ասել է նա։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թվայնացվել է 42 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր, որոնցից 8-ը վերաբերում է վերագնահատված հանքավայրերին։

Թվայնացման աշխատանքներն սկսվել են անցած 2016 թ.-ի երկրորդ կեսից և իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ (USAID) -0-