Հայաստանը բանակցություններ չի վարում երրորդ երկրներից զինվորականների տեղակայման մասին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բանակցություններ չի վարում երրորդ երկրներից զինծառայողների տեղակայման վերաբերյալ, հինգշաբթի լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Դեկտեմբերի 17–ին Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»–ին տված հարցազրույցում պատասխանելով Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին հարցին` ասել է, որ ներկայում Մոսկվան և Երևանը պատրաստում են մի փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի լաբորատորիաներում օտարերկրացի զինվորականների բացակայությունը։ Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է նախորդ, այլ ո չթե գործող կառավարության հետ:
«Դրանք հայկական լաբորատորիաներ են, որոնք պատկանում են Հայաստանին և վերահսկվում են մեր կողմից: Այնտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ: Այդ լաբորատորիաները ունեցել են, ունեն և կունենան բացառապես քաղաքացիական նշանակություն», - ասաց Նաղդալյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի պարագայում չկա լաբորատորիաներում զինվորակաների առկայության հարց, քանի որ դրանք քաղաքացիական են:-0-