Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցանիշը 10 տարում գրեթե կրկնապատկվել է

03.02.2017, 16:42
Վերջին երկու տարում նկատվում է ցուցանիշների կայունացում, և չկա աճի միտում։
Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցանիշը 10 տարում գրեթե կրկնապատկվել է
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տասը տարում օնկոլոգիան առաջնային խնդիր է դարձել ինչպես առողջապահության, այնպես էլ սոցիալ–տնտեսական զարգացման ոլորտում, քանի որ հիվանդացության և մահացության ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 1,8 և 1,9 անգամ, ուրբաթ հայտարարեց ՀՀ ԱՆ Բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ վերջին երկու տարում նկատվում է ցուցանիշների կայունացում, և չկա աճի միտում։

«Այս պահին դիսպանսերային հսկողության տակ է գտնվում շուրջ 41 հազար մարդ, ովքեր տառապում են օնկոլոգիական հիվանդություններից։ Ինչ վերաբերում է 2016 թ.–ին գրանցված նույն դեպքերին, ապա, 2015 թ.–ի ցուցանիշի համեմատ, հիվանդացության աճ չի գրանցվել», – հայտարարեց Վարդանյանը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, Հայաստանում օնկոլոգիայի ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, քանի որ այն մահացության և հիվանդացության մակարդակով զբաղեցնում է երկրորդ տեղը ինֆեկցիոն հիվանդությունների շրջանում։

«Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը երկրում կազմում է մահվան ընդհանուր թվի 21,9 տոկոսը», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, Հայաստանում տղամարդկանց շրջանում ամենից շատ տարածված է թոքերի, կոկորդի, աղեստամոքսային տրակտի, շագանակագեղձի քաղցկեղը, կանանց շրջանում` կրծքագեղձի, սեռական օրգանների և աղեստամոքսային տրակտի քաղցկեղը։

«Օնկոլոգիայում ևս մեկ կարևոր ցուցանիշ է հիվանդի կյանքի տևողությունը հիվանդության հայտնաբերումից հետո։ Հայաստանում այս ցուցանիշը 30 տոկոսով ցածր է համաշխարհային ցուցանիշից, քանի որ հիվանդների շուրջ 60 տոկոսի մոտ քաղցկեղն ախտորոշվում է 3–4 փուլերում, երբ հիվանդության կանխման մասին խոսք լինել չի կարող», – ավելացրեց Վարդանյանը։

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը 2005 թ.–ից ամեն տարի նշվում է փետրվարի 4–ին Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության նախաձեռնությամբ։ Միջոցառման նպատակն է հիշեցնել քաղցկեղը ժամանակին ախտորոշելու և վաղ փուլերում այն բուժելու հնարավորության մասին։–0–