ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները:
Ժամը 08:00–ին հանրապետության ողջ տարածքում բացվել է 2009 ընտրատարածք: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00:
Ոստիկանության տվյալներով, ապրիլի 1–ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 564 195 մարդ։
Ժամը 08:00-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում բացվել է տեղեկատվական կենտրոն, որը թույլ կտա լրագրողներին օպերատիվորեն լուսաբանել ընտրությունների ընթացքը: 09:00-ին ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ, իսկ 12:00-ից մինչև 21:00 երեք ժամը մեկ հրապարակվելու է մասնակցության և ընտրությունների ընթացքի մասին տեղեկատվություն:
Ընտրություններին գրանցվել է շուրջ 100 լրագրող 31 արտասահմանյան ԶԼՄ-ներից և տեղական լրատվամիջոցների ավելի քան 1,2 հազար ներկայացուցիչ (81 ԶԼՄ): Ընտրություններին հետևելու է 28 027 դիտորդ 49 տեղական հասարակական կազմակերպություններից և ավելի քան 640 դիտորդ վեց միջազգային ընկերություններից՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ից, ԵԽԽՎ–ից, ԱՊՀ–ից, ԱՊՀ–ի միջխորհրդարանական վեհաժողովից, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից ու Եվրոպական խորհրդարանից։–0–
Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք` իշխող ՀՀԿ–ն, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ՀՅԴ–ն , Կոմունիստական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը։
Այս ընտրությունները ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
2015 թ.-ի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ չի նշվում պատգամավորների հստակ թիվ, նշվում է միայն դրանց նվազագույն թիվը՝ 101 պատգամավոր: Այս ամենը կապված է մանդատների բաշխման բարդ համակարգով և սահմանադրական պահանջով, որը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում՝ օրենսդիր մարմնում տեղերի 54 տոկոսը:
Առաջին անգամ Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորություն: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ընտրությունների արդյունքներով կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա քվեարկությունից 28 օր հետո հնարավոր է երկրորդ փուլ անցկացնել, որին կմասնակցեն երկու կուսակցություն կամ երկու դաշինք, որոնք ստացել են ձայների մեծամասնությունը:
Երկրորդ փուլի հաղթողը լրացուցիչ մանդատներ կստանա, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն: Բացի համապետական կուսակցական ցուցակներից, 13 ընտրատարածքներում կներկայացվեն նաև կուսակցությունների և դաշինքների տարածքային ցուցակներ (ռեյտինգային): Կուսակցությունները և դաշինքները պատգամավորական մանդատները ստանում են թեկնածուների միջև տեղերի բաշխման արդյունքում։–0–