ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հրատարակվել է «Ռազմական և հարակից տերմինների ադրբեջաներեն-հայերեն, հայերեն-ադրբեջաներեն բառարանը», երեքշաբթի հայտնեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ամենակարևորն այն է, որ այս աշխատությունն իր տեսակի մեջ առաջինն է: Նախագիծը շարունակական բնույթ է կրում: Մենք արդեն իսկ լրացումներ ունենք բառարանին, բացի այդ սպասում ենք տարբեր մասնագետների և գերատեսչությունների արձագանքին, ում այս բառարանը կհետաքրքրի», - նշեց Վրթանեսյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում:
Նա ավելացրեց, որ այս պահին բառարանով հետաքրքրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Վստահ եմ, որ մենք արձագանքներ կստանանք նաև այլ գերատեսչություններից», - ընդգծեց Վրթանեսյանը:
Բառարանի հեղինակ, միջազգային հարաբերությունների մասնագետ Էդգար Էլբակյանն իր հերթին նշեց, որ բառարանի աշխատանքը սկսվել է դեռևս նախորդ տարվա մարտին:
«Բառարանում ներառված է մոտ 1200 բառարանային հոդված, ինչպես նաև 1300 բառային օրինակ (յուրաքանչյուր լեզվով): Բառարանը կազմելիս մենք բախվել ենք լեզվական խնդիրներին այն առումով, որ տերմինները ադրբեջաներենում կարող էին ունենալ տարբեր զուգակերպություններ, այդուհանդերձ մենք փորձել ենք ընտրել ամենատարածված տարբերակները», - նշեց Էլբակյանը:
Նա ընդգծեց, որ բառարանը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է:
«Մենք նվիրել ենք բառարանը հայ զինծառայողներին, ովքեր նախորդ տարվա ապրիլին պաշտպանել են Հայրենիքի սահմանները», - նշեց Էլբակյանը:
Նրա խոսքով, գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ և կտարածվի միայն նեղ մասնագիտացված շրջանակներում, որոնց ներկայացուցիչները աշխատում են ադրբեջանական նյութերի հետ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում