ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի շառայությունը։
Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում, հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները։
Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանի։ Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ, մակարդակներով, յուրաքանչյուրը՝ չորս շաբաթ տևողությամբ։
Մարի Լու Փափազյանի և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության և պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։
Սարգսյանը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձևավորմանը։ Նրա խոսքով, պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև՝ ընդհանուր գիտելիքների հարստացմանը։
Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին վստահություն են հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, իսկ աշխատանքը լինելու է արդյունավետ և շարունակական։ -0-