ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Նա (Կարապետյանը) բարեփոխումների և փոխակերպումների լոկոմոտիվն է կուսակցությունում։ Նա առաջ կտանի կուսակցությունն ու կապահովի ձայներ առանց կասկածելի տեխնոլոգիաների», – ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, կուսակցության լուրջ PR քայլերից դարձավ նաև ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունն այն մասին, որ նա կարող է չհայտնվել նախընտրական ցուցակներում ապրիլյան ընտրությունների ժամանակ Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումների պատճառով (վարչապետը վերջին շրջանում ապրել է Հայաստանի սահմանից դուրս)։
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում>>
ՀՀ Սահմանադրության` 2015 թ.–ին փոփոխության ենթարկված 48–րդ հոդվածի համաձայն, պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած ցանկացած անձ, ով վերջին չորս տարվա ընթացքում հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, վերջին չորս տարվա ընթացքում մշտապես բնակվում է ՀՀ–ում, ունի ձայնի իրավունք և տիրապետում է հայերեն լեզվին։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում կարող են կեղծել նաև այդպիսի փաստաթղթեր։ Սակայն վարչապետի հայտարարությունը մատնանշում է, որ ՀՀԿ–ն ուզում է խաղալ կանոններով` ըստ օրենդրության։ Այդ ամենը դրական կազդի ինչպես վարչապետի, այնպես էլ կուսակցության իմիջի վրա», – ասաց Հակոբյանը։
Նախընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանն իր հերթին կարծում է, որ վարչապետն ունի ինչպես ուժեղ կողմեր, որոնք, իսկապես, առաջ են տանում կուսակցությունը, այնպես էլ թույլ։
Փորձագետի կարծիքով, թույլ կողմերից է այն, որ վարչապետն առաջին հերթին մենեջեր է։
«Վարչապետի պաշտոնն, առաջին հերթին, քաղաքական պաշտոն է։ Ես դեռ չեմ տեսնում, որ նա ցանկանում է դառնալ քաղաքական գործիչ, նա կամ խուսափում է դրանից, կամ չի կարողանում։ Սակայն նրա համար ցանկալի չէ մնալ մենեջեր, քանի որ քաղաքականության մեջ մենեջերը միշտ պարտվում է քաղաքական գործչին», – ասաց նա։–0–