ՀՀ վարչապետը հայտնել է Երևանի հասարակական տրանսպորտի փրկության միջոցը

18.12.2016, 12:37
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը:
ՀՀ վարչապետը հայտնել է Երևանի հասարակական տրանսպորտի փրկության միջոցը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ Երևանում կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրի գնումների պլանում փոփոխություններ կատարելու հարցը: Նշվել է, որ ծրագրում ներառվել են նաև նոր տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծեր, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Խորհուրդը հաստատել է ծրագրի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի, սակագնի և միասնական տոմսային համակարգի խորհրդատուի մրցույթի գնահատման արդյունքները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը և նշել, որ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ:

«Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարապետյանը՝ կարևորելով նաև ուսանողների և առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը: 

Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-2» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաղթղթերը:

Տեղեկացվել է, որ ճանապարհահատվածն ունենալու է 15 կմ երկարություն և 4-6 երթևեկելի հատվածներ: Շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 36 մլն դոլար: 

Հաստատվել են Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները: -0-