ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում կազմակերպված հանրահավաքն ավարտվեց

13.05.2016, 20:15
ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում կազմակերպված հանրահավաքն ավարտվեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին արտգործնախարարի և ուժային կառույցների որոշ ղեկավարների հրաժարականը։
ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում կազմակերպված հանրահավաքն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում կազմակերպված հանրահավաքն ավարտվեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին արտգործնախարարի և ուժային կառույցների որոշ ղեկավարների հրաժարականը։

Ակցիան ավարտվեց առանց միջադեպերի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ մոտ մեկուկես ժամ առաջ հավաքվել էին Պռոշյան փողոցում և շարժվել դեպի նախագահի առանձնատուն։

Ցուցարարները պահանջում էին առնվազն 30 հազարական դոլար վճարել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև վճարել առնվազն 5 հազարական դոլար յուրաքանչյուր վիրավորված զինծառայողին։

Ակցիայի կազմակերպիչները նաև պահանջում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և նրա տեղակալ Հայկազ Բաղմանյանի հրաժարականը` հայտարարելով, որ «այս մարդկանց անգործությունը հանգեցրել է մարդկային կորուստների»։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին ճնշում գործադրել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վրա («Պանամական օֆշորների» հետ կապված սկանդալի մասնակից), որպեսզի նա բյուջե վերադարձնի օֆշորային գոտի տեղափոխված միջոցները։

Նախագահի առանձնատան մոտ ցուցարարները դիմել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պահանջելով կազմակերպել հանդիպում ՀՀ նախագահի հետ։ Օսիպյանն էլ պատասխանել է, որ դա իր լիազորությունների շրջանակում չէ։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հաղորդմամբ` ակցիան արդեն ավարտվել է։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–