Գյումրու մանկատան մոտ գտնված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկներից

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 17–ին Գյումրու տուն–ինտերնատի մոտ գտնված նորածին երկվորյակների մայրը Արարատի մարզի 18–ամյա բնակչուհի է, նա նախօրեին նոտարի մոտ պաշտոնապես ձևակերպել է փոքրիկներից հրաժարվելու փաստը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը։
Նորածին տղա երկվորյակները հոկտեմբերի 17–ին հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ Ֆ. Նանսենի անվան թիվ 2 տուն–ինտերնատի բակում` Գյումրիում։ Նորածինները տեղափոխվել են հատուկ խնամք պահանջող երեխաների մանկատուն։ ՀՀ ոստիկանությունը, ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 19–ին պարզեց նորածին երկվորյակների մոր ինքնությունը։
«Մարզի ղեկավարության ներկայացուցիչները զրուցել են փոքրիկների մոր հետ, փորձել են նրան ցուցաբերել ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական օգնություն` անգամ առաջարկելով տեղափոխվել Գյումրի։ Մենք մտադիր էինք ցուցաբերել տարատեսակ սոցիալական աջակցություն` երեխաներին ընտանիքում պահելու համար, սակայն մայրը համառորեն հրաժարվեց` համարելով, որ չի կարող հոգ տանել երկվորյակների մասին։ Ստորագրելով երեխաներից հրաժարվելու փաստաթուղթը` նա հույս հայտնեց, որ երեխաների համար կստեղծվի ավելի լավ միջավայր և կգտնվեն արժանի ծնողներ։ Մայրն արդեն հոգեբանորեն տրամադրված էր, որ պիտի հրաժարվի, և մենք ի վիճակի չէինք ոչինչ անել` երեխաներին ընտանիք վերադարձնելու համար» – նշեց Հովսեփյանը։
Նրա խոսքով, մայրը լույս աշխարհ էր բերել երկվորյակներին և թողել Գյումրիում` բոլոր հետքերը կորցնելու համար։
«Սահմանված կարգով, երկվորյակները որոշ ժամանակ կմնան Գյումրու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մանկատանը, ինչից հետո կտեղափոխվեն Երևանի ինտերնատներից մեկը», – տեղեկացրեց Հովսեփյանը։–0–