ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած առաքելական այցից վերադառնալու ժամանակ նշել է, որ հայերի ոչնչացման հարցում նա «ցեղասպանություն» բառից բացի որևէ այլ բառ չի իմացել մինչև Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ղեկավար ընտրվելը։
Կիրակի ավարտվեց Պոնտիֆիկոսը առաքելական այցը Հայաստան։ Ըստ ավանդույթի` Հռոմ մեկնող ինքնաթիռում Ֆրանցիսկոս պապը պատասխանել է նրան ուղեկցող լրագրողների հարցերին։
Ինչպես հաղորդում է Il Sole 24 Ore թերթը, որի թղթակիցը ևս մասնակցել է այդ ասուլիսին, Պոնտիֆիկոսին հարցրել են ցեղասպանության մասին` նշելով, որ ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ նա, շրջանցելով նախօրոք ամրագրված արձանագրությունը, երկրորդ անգամ արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ Մեկ տարի առաջ` 2015 թ.–ին, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, Պոնտիֆիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվող պատարագի ժամանակ մեջբերեց Հովհաննես Պողոս Երկրորդի խոսքերը` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որն իրականացվել է ազգային պատկանելիության հիման վրա։
«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, և Բուենոս Այրեսի Մայր տաճարում մենք տեղադրեցինք խաչքար` ի հիշատ Հայոց ցեղասպանության զոհերին։ Ուրիշ խոսք չեմ իմացել (որը նկարագրում է այս երևույթը, խմբագրություն)։ Երբ եկա Հռոմ, լսեցի մեկ այլ բառակապակցություն` «մեծ չարիք», և ինձ ասում էին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է։ Սակայն ես միշտ խոսել եմ նախորդ դարում տեղի ունեցած երեք ցեղասպանությունների մասին` Հայոց ցեղասպանության, Հիտլերի ցեղասպանության և Ստալինի ցեղասպանության», – նշել է Հռոմի պապը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև ընդգծել է, որ եղել է ևս մի ցեղասպանություն Աֆրիկայում, սակայն «XX դարում տեղի ունեցած երկու մեծ պատերազմների ուղեծրում» իրականացվել է հենց երեք ցեղասպանություն։
«Նախորդ տարի, երբ պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում նախատեսված հիշատակի միջոցառումներին, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդն օգտագործել է «ցեղասպանություն» բառը, և ես այն մեջբերեցի։ Դրան այդքան էլ լավ չարձագանքեցին։ Թուրքական կառավարությունը հայտարարություն տարածեց` հետ կանչելով իր դեսպանին, ով վերադարձավ մի քանի ամիս առաջ», – նշել է Պոնտիֆիկոսը։
«Իմ ելույթում այդ բառը չկար, սակայն երբ լսեցի ՀՀ նախագահի խոսքի տոնայնությունը, իմ կողմից տարօրինակ կհնչեր, եթե ես չարտասանեի նույնը, ինչ մեկ տարի առաջ», – ավելացրել է Ֆրանցիսկոսը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-