Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել

29.03.2017, 15:11
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարին կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:

Նրա խոսքով, հանկարծակիության գործոն այլևս չի լինի, և գործողությունների ցանկացած փորձերը պետք է ավելի խոշոր լինեն` զենքի կիրառելիության ավելի բարձր մակարդակով: Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ հայկական կողմի պատասխանն այս անգամ շատ ավելի կոշտ կլինի:

«Եթե, Աստված մի արասցե, մի բան տեղի ունենա, դա արդեն կլինի ոչ թե քառօրյա, այլ տասնչորսօրյա կամ քառասունօրյա պատերազմ», - հայտարարեց դը Վաալը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

2016 թ.-ի ապրիլի 2-ից 5-ն ադրբեջանական զինված ուժերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ: 

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-