Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

29.05.2017, 13:28
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնյաների հետ, վերջիններիս անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են տվել իրենց օգտին գործողություններ կատարելու` ապրանքները ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու և դրանց արտահանման համար օրենսդրությամբ սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար:

«Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն կաշառքի դիմաց, ապօրինի` առանց օրինական փաստաթղթերի, խախտելով մաքսային օրենսդրության պահանջները, թույլատրել է ապրանքի արտահանումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք է բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:

Загружается новость ... "Лево"

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը 2017 թ.–ի մայիսի 25–ին ձերբակալվել են:

Կաշառք ստանալու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ (Կաշառք ստանալը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով ( Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իսկ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ե. Մ.-ն և Ա. Է.-ն կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:–0–