ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը հայտարարել է, որ գնացել է բողոքի ակցիային` ժողովրդին ավելի մոտ լինելու համար։
«Մտահոգ եմ նրանով, ինչ տեղի է ունենում երկրում, որտեղ ոստիկանությունն ու իշխանությունը խախտում են հասարակ քաղաքացիների իրավունքները», – ասել է Խանջյանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Հուլիսի 27–ին Խանջյանը
բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին և այնտեղ պահվել մի քանի ժամ։
Խանջյանն ավելացրել է, որ չնայած տեղի ունեցած միջադեպին, նա կրկին մտադիր է մասնակցել բողոքի ակցիաներին։
«Ես սփյուռքում ծնված հայ եմ, այդուհանդերձ, միշտ երազել եմ ազատ և անկախ Հայաստանի մասին։ Այսօր, մենք ունենք պետություն, և այն պատկանում է ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլ նաև համայն հայությանը։ Այդ պատճառով իրավունք ունեմ մասնակցելու երկրի իրավիճակի բարելավման ու զարգացման գործընթացներին», – նշեց Խանջյանը։
Նա ընդգծել է, որ ցավում է, որ հայերն այսօր ստիպված են նման կերպ արտահայտել իրենց պահանջները։
«Սա առաջին անգամը չէ, երբ ես մասնակցում եմ հանրահավաքներին, նախորդ տարի ևս մասնակցել եմ Բաղրամյանում կազմակերպված բողոքի ակցիաներին (էլեկտրաէներգիայի թանկացման դեմ)», – նշել է Խանջյանը։
Նա նաև ավելացրել է, որ զինված խմբի կողմից իրականացվող զինված գործողությունները համարում է հուսահատության արտահայտություն։
Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, համապատասխանու՞մ են իր սեփական քաղաքական հայացքները ամուսնու քաղաքական հայացքների հետ` Խանջյանը նշել է, որ իր ամուսինը կարծում է, որ նրանք երկուսն էլ պարտավոր են մասնակցել գոյություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներին։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։ –0–