Արմեն Աշոտյանին կրկնակի վիրահատություն է պահանջվել

16.06.2016, 11:25
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին պահանջվել է ոտքի կրկնակի վիրահատություն:
Արմեն Աշոտյանին կրկնակի վիրահատություն է պահանջվել
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին պահանջվել է ոտքի կրկնակի վիրահատություն, գրում է «Հրապարակը»։

«Հունվարյան սառնամանիքին, երբ տեղացած ձյան պատճառով Երևանի փողոցներն անանցանելի էին դարձել, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընկել էր սառույցի վրա և կոտրել ոտքը։ Ողջ մամուլն այն օրերին հեղեղվեց այդ պատահարի մասին լուրերով, գրվեց նաև, որ նա վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ինչ-որ ժամանակ նա աշխատում էր տնից, ապա ձեռնափայտով էր դուրս գալիս», – գրում է թերթը։

Թերթի հաղորդմամբ` երբ եկել է երկաթները հանելու ժամանակը, պարզվել է, որ ոտքը սխալ է կպել, և նոր վիրահատության կարիք կա։ «Բնականաբար, ՀՀԿ փոխնախագահի «աչքը վախեցած» է, և նա որոշել է այս անգամ չվստահել իր հայ կոլեգաներին ու մեկնել է արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ Աշոտյանը Բելգիայում վիրահատության է ենթարկվել», – նշում է թերթը։

Թերթի թղթակիցները փորձել են այս տեղեկությունը ճշտել հենց Աշոտյանից, սակայն նա նշել է, որ առողջական հարցերը բժշկական գաղտնիք են ենթադրում և անձնական կյանքի անձեռնմխելիություն։

«Բայց հաստատեց, որ այժմ գտնվում է արտերկրում՝ Բելգիայում, արձակուրդն է վայելում, մեկ շաբաթից կվերադառնա և անպայման ցույց կտա ոտքը», – գրում են հոդվածի հեղինակները։–0–