Ալիևի ապրիլյան «արկածները» Ղարաբաղում ձախողվեցին, բայց նա կարող է ավելի ակտիվ քայլերի դիմել. Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլյան «արկածները» Ղարաբաղում ձախողվեցին, բայց նա կարող է ավելի ակտիվ քայլերի դիմել, ուրբաթ լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը, լայնածավալ գործողությունների սցենարը մշակելիս, ուներ նման արկածախնդրության գնալու համար արտաքին և ներքին պատճառներ, ինչպես նաև ռազմա-քաղաքական և տեղեկատվական բաղադրիչներ:
Մարտական գործողություններ սկսելու համար ազդակ հանդիսացող գործոններից Դեմոյանը նշեց Ադրբեջանի համար անբարենպաստ արտաքին իրավիճակը, ադյ թվում` պատժամիջոցները, անբարենպաստ տեղեկատվական հոսքերը, ինչպես նաև անբարենպաստ ներքին իրավիճակը` վերաբերմունքը Ալիևի գերդաստանին, սոցիալական դժգոհությունը, մանաթի անկումը և այլ իրադարձություններ:
«Այս ամենը վկայում է նավթային «մեղրամիսի» ավարտի մասին: Ադրբեջանի համար սկսվում է նոր փուլ` անկախ ադրբեջանական պետության դանդաղ և սահուն անկման շրջանը, և ապրիլյան իրադարձությունները ապացուցեցին դա», - ասաց պատմաբանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները ռիսկի դիմեցին` կիրառելով միակ գործիքը` փրկելու համար իրավիճակը ադրբեջանական պետականության թուլացումից: Նրանք Ղարաբաղում գոնե փոքր հաղթանակի կարիք ունեին, ինչը կհամախմբեր ազգը, կստեղծեր նոր առասպելներ և կբարձրացներ նախագահի հեղինակությունը:
Սակայն, ինչպես ընդգծեց պատմաբանը, Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց` չհասնելով իր նպատակներին և ճանաչեց իր կապիտուլյացիան, իսկ Ալիևի հռետորականությունը իրադարձությունների ընթացքում վկայում է այն մասին, որ Բաքուն իրավիճակի հետագա զարգացման այլ հեռանկարներ չի տեսնում:
Դեմոյանի կարծիքով, ագրեսիայի համար հանգստյան օրերը պատահական չէին ընտրվել, այլ` միջազգային հանրության արձագանքը հետաձգելու և տեղեկատվական առումով հաղթանակ տանելու նպատակով, սակայն արդեն երկուշաբթի ակնհայտ էին այնտեղ տիրող խուճապային տրամադրությունները, ինչի մասին է վկայում նաև կիրառված զենքը։
Նրա խոսքով, Բաքվի համար լուրջ հարված դարձավ այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին հրավիրեցին CNN, ինչն, անշուշտ, պատիվ է, բայց պարզվեց, որ դա լավ պատրաստված ծուղակ էր: Վերջինս Ադրբեջանի համար տեղեկատվական արտաքին բլոկի տապալում դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ Մամեդյարովին տրվեց Պանամյան փաստաթղթերին վերաբերող հարցը:
«Արդյունքում, ապրիլյան «արկածները» ձախողվեցին, սակայն Ալիևը կարող է ավելի մեծ արկածների գնալ, ինչը մեզ չպետք է վախեցնի: Մեր առավելությունն այն է, որ մենք կարողացանք շատ արագ ուժերը հավաքել, դա ազդակ եղավ Բաքվին և ողջ աշխարհին այն մասին, որ մենք պատրաստ չենք ինչ-որ հարցերում զիջումների գնալ», - ասաց Դեմոյանը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–