«Ալագյազ» ուսումնական կենտրոնում անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` նախօրեին «Ալագյազ» ուսումնական կենտրոնում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժության մտահաղացման համաձայն` պայմանական հակառակորդը, խախտելով ՀՀ պետական սահմանը, մխրճվել էր Միացյալ զորախմբի պաշտպանության գոտու շրջաններ: Հրետանային հուժկու հարվածներով պայմանական հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվել է:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը գործում էր գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարության ներքո: Մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները: -0-