ԱԱԾ. ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից ներկրել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15:44
22 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2017թ. մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել` ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ -0-
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով