Ատեստավորման արդյունքներով ուսուցիչների 47.8%-ը կստանա 30-50% հավելավճար. փոխնախարար

23.12.2021, 17:06
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ատեստավորման արդյունքներով ուսուցիչների 47.8%-ը կստանա 30-50% հավելավճար.
Ատեստավորման արդյունքներով ուսուցիչների 47.8%-ը կստանա 30-50% հավելավճար. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72.6 %-ը:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ըստ ատեստավորման արդյունքների ուսուցիչների 47.8%-ը ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50% հավելավճար: Ուսուցիչներին տրվել են հավելավճարներ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար»,-ասաց փոխնախարարը։

Загружается новость ... "Лево"

Նա հավելեց, որ դաշտն ազատականացվել է, որի արդյունքում առաջարկվել է 48 կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց: Ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու կազմակերպություններից որևէ մեկը, կամ դասընթացների միջոցով ինքնուրույն հավաքելու կրեդիտներ, որից հետո դիմել և ատեստավորվել։

«Ատեստավորման գործընթացում կրճատվել է թղթաբանությունը, ներդրվել են թվայնացման բաղադրիչներ։ Ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացներ տարածքային և հանրապետական հանձնաժողովների կողմից։ Եվ արդեն գալիք տարի շուրջ 14000 ուսուցիչ կատեստավորվի», - ասաց Անդրեասյանը։

Անդրեասյանը հավելեց նաև, որ քննարկվում է նախադպրոցական հաստատություններում ատեստավորման համակարգի ներդրման հարցը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատավարձերը:

«Մենք սահմանեցինք նաև լիցենզավորման պահանջը, որն ամրագրվել է օրենսդրական փոփոխությունների միջոցով, ինչը նշանակում է, որ տարաբնույթ զարգացման կենտրոններ, որոնք, ըստ էության, գտնվում էին որևէ կառույցի վերահսկողությունից դուրս, արդեն պետք է լիցենզավորվեն, և այժմ լիցենզավորման կարգերի մշակման գործընթացում ենք»,-ասաց փոխնախարարը:-0-