ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախում հակառակորդի կողմից զինծառայողի սպանության վերաբերյալ` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատվում է որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը, նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նախօրեին հայտարարել էր ԱՀ ՊՆ–ն, հունիսի 10-ին ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը։
«Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը», – նշել է Բալայանը։
Նրա խոսքով, հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։
«Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։ Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը», – ընդգծել է Բալայանը։–0–