ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ինտերպոլը փորձել է ձերբակալել «Ելք» ընդդիմադիր ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմի իր հյուրանոցային համարում։ Այդ մասին գրել է ինքը` Փաշինյանը, Facebook–ի իր էջում։
«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»,– գրել է Փաշինյանը։
Նրա հրապարակած լուսանկարի վրա երևում է, որ իր հյուրանոցային համարում գտնվում են երեք իտալացի ոստիկաններ, ևս մեկը սպասում է դռների մոտ։ Փաշինյանն էլ ինչ–որ բան է հավաքում իր նոութբուքի մեջ։
Ինչպես իրավիճակը պարզաբանեց Հայաստանի ոստիկանությւան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, նրանից հետո, երբ Ինտերպոլում հետախուզման հայտարարված Նիկոլ Փաշինյանը 2009 թվականի հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ հետախուզումը հանվել է։
Ահարոնյանն ասել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները համապատասխան իրազեկում են ուղղել Ինտերպոլի հայկական ստորաբաժանում` Փաշինյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ։ Ստորաբաժանումը 2009 թվականի հուլիսի 21–ին այդ մասին իրազեկել է Ինտերպոլի գերագույւն քարտուղարությանը, որը համապատասխան տեղեկություններ է տրամադրել Ինտերպոլի բոլոր անդամ երկրներին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը միջադեպի կապակցությամբ փորձում է ստանալ երկրի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը։
Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն էր, դատապարտվել էր 2008 թվականի մարտի անկարգությունների գործով։ Դեպքերից հետո նա հետախուզման էր հայտարարվել։
2009 թվականի հուլիսի 1–ին հանձնվել է Ոստիկանությանը։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19–ին դատապարտել է Փաշինյանին յոթ տարվա ազատազրկման Երևանում 2008 թվականի մարտի 1-2–ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, սակայն ավելի ուշ` 2011 թվականին, ազատ է արձակվել Հայաստանի անկախության 20–ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ։
Փաշինյանն արդեն երկու անգամ ընտրվել է հայկական խորհրդարանի պատգամավոր` 2012 թվականին «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից և 2017 թվականի ապրիլի 2–ին` «Ելք» կուսակցական դաշինքից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում