ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ներկայացրել է զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել Երևանում հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մասին։
Նրա խոսքով, սպառազինության այս տեսակը շատ հասանելի է ինչպես անձնակազմի ուսուցման, այնպես էլ օգտագործման տեսանկյունից։
«Եվ մենք արդեն անցկացրել ենք քննարկում, որը թույլ կտա տրամադրել նման մակարդակի պաշտպանություն։ Երկրորդ մակարդակի պաշտպանության համար մենք կառաջարկենք միջին հեռահարության միջոցներ։ Եվ այստեղ արտադրության մասով հարց կա։ Շուտով GM 200 ռադարները կմատակարարվեն Հայաստան։ Կան նաև ավելի լուրջ տեխնոլոգիաներ, օրինակ՝ Thalès ռադարները», – հայտարարել է Լըկորնյուն ուրբաթ Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Սակայն, նրա խոսքով, ՀՕՊ միջոցները չկիրառելու միակ միջոցն այն է, որ «ոչ մեկ ոչ մեկի վրա չհարձակվի»։
«Սա շատ կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար։ Մեզ համար առաջնահերթություն է օգնել Հայաստանին պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, եթե այն դառնա հարձակման զոհ», – ընդգծել է Լըկորնյուն։
Նախօրեին հայտարարվել էր, որ Հայաստան է մատակարարվում պաշտպանական տեսակի ֆրանսիական սպառազինության խմբաքանակ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում