ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ։ Մատակարարման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2023թ․–ի հոկտեմբերին, հայտնում է
Le Figaro–ն։
«2023թ․–ի հոկտեմբերին Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել են արձանագրություն հակաօդային պաշտպանության մտադրությունների մասին, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադարների ձեռք բերման պայմանագիր, որոնք թույլ են տալիս հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռը 250 կմ հեռավորության վրա», – հիշեցնում է հրատարակությունը։
Արձանագրության մեջ ներառվում է նաև գիշերային տեսանելիության համակարգերի ձեռք բերման պայմանագիր։ Դանց թվում են հեռադիտակներ, «Safran» ընկերության արտադրության սարքավորումներ, որոնք կմատակարարվեն հինգշաբթի։
«Ֆրանսիան և Հայաստանն ունեն պատմականորեն բարեկամական հարաբերություններ, սակայն պաշտպանական հարաբերություններն այնքան ինտենսիվ չէին, որքան երկկողմ հարաբերությունները», – նշել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից։
Հրատարակությունը նաև նշում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեքորնյուն հինգշաբթի և ուրբաթ առաջին անգամ կայցելի Հայաստան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել պաշտպանական տեխնիկայի մատակարարման համար։
2023 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարները պայմանագիր են ստորագրել Thales-ի կողմից արտադրված երեք GM 200 ռադարների վաճառքի մասին և փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնել էր, որ APM Terminals Poti ընկերությունը, որը շահագործում է Վրաստանի Փոթի նավահանգիստը, հաստատել է ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը դեպի Հայաստան։-0-