Չորեքշաբթի` մայիսի 8–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)
09.05.2019,
09:30
Ներկայացնում ենք չորեքշաբթի` մայիսի 8–ի ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 8–ի ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հայաստանի վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այսօր մեծ ասուլիս է հրավիրել Երևանում: Ասուլիսի ընթացքում վարչապետը ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Նա, մասնավորապես, անդրադարձել է աշխատավարձերի բարձրացմանը, պետբյուջեի գերակատարմանը, կոռուպցիայի վերացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նախկին նախագահներին և երկրի գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերին։
- Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ի։ Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը։ Հիշեցնենք, որ վերանվանման պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբր իրագործված վայրագությունների մասին:
- Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի` դառնալով 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը։
- Քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Քաղաքապետի խոսքով, կարևորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի։
- Ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ, Հաղթանակի օրվա կապակցությամբ վաղը` մայիսի 9-ին, Երևանում փակ են լինելու որոշ փողոցներ: Մասնավորապես, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում:-0-