ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:
Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 23–ին 1in.am–ի տված հարցազրույցում ՀՀ վարչապետը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե ինչու «Իսկանդերները» չեն կիրառվել հակառակորդի դեմ Արցախյան պատերազմի ժամանակ։ Փաշինյանը հայտարարել է, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%–ով։ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը հայտարարել է, որ Փաշինյանն այդկերպ որոշել է ընդգծել իր անմեղությունը ղարաբաղյան հակամարտության արդյունքների հարցում։ Նրա խոսքով, Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են, դա անգամ չի ենթարկվում որևէ կասկածի։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ «Իսկանդերներ» չեն կիրառվել։–0–