ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը
«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, ով կասկածի տակ է դրել «Իսկանդեր» ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը։
Զավարզինը հայտարարել է, որ Փաշինյանն այդկերպ որոշել է ընդծել իր անմեղությունը ղարաբաղյան հակամարտության արդյունքների հարցում։
«Երբ մարդը փնտրում է իր անմեղությունը, նա և′ «Իսկանդերին» կկպնի, և′ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և′ զինվորականներին։ Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Մեր «Իսկանդերները» գերճշգրիտ զենք են, դրանք արդեն բազմաթիվ անգամ ցուցադրվել են տարբեր զորավարժություններում», – նշել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են, դա անգամ չի ենթարկվում որևէ կասկածի։
«Զուր չէ, որ Արևմուտքը հաճախ ասում է, որպեսզի մենք բանակցային գործընթացում ներդնենք կարճ հեռահարության հենց այդ հրթիռները։ Սիրիայում դրանք կիրառվել են բազմաթիվ անգամ և շատ հստակ։ Ես, մեղմ ասած, չեմ համաձայնվի պարոն Փաշինյանի այդ կարծիքի հետ», – նշել է Զավարզինը։
Նախօրեին 1in.am–ի տված հարցազրույցում ՀՀ վարչապետը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե ինչու «Իսկանդերները» չեն կիրառվել հակառակորդի դեմ Արցախյան պատերազմի ժամանակ։ Փաշինյանը հայտարարել է, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%–ով։
Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ««Իսկանդերի հարցով Փաշինյանի տեսակետն ուսումնասիրման կարիք ունի»։–0–